National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
06.10.2020
Խորհրդարանը հերթական նիստն է գումարել
1 / 20

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 6-ին սկսել է  հերթական նիստերի աշխատանքը: Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի պաշտպանության համար զոհված քաջորդիների  հիշատակը:

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնել է, որ ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թիվ 6 եւ թիվ 7 արձանագրությունների՝ ՀՀ ԱԺ կազմը համալրել են «Իմ քայլը»  կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի առաջին մասի հերթական թեկնածուներ  Գոռ Երանյանը եւ Նարեկ Ղահրամանյանը՝ ստանալով պատգամավոր ընտրված եւ լիազորությունները  վաղաժամկետ դադարեցրած Արսեն Ջուլֆալակյանի եւ Արմեն Փամբուխչյանի մանդատները:

Գոռ Երանյանը եւ Նարեկ Ղահրամանյանը «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն ԱԺ նիստում երդվել են:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ նախագահին  առաջարկել է հանդիպում կազմակերպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու համար ներկա իրադրության հետ կապված որոշ հարցեր: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ընդունելի է համարել առաջարկը՝ նշելով նաեւ, որ միջազգային հարաբերություններին եւ արտաքին քաղաքական իրավիճակին առնչվող հարաբերությունները, ինչպես նաեւ տեղի ունեցող գործընթացները հնարավորինս թափանցիկ եւ հրապարակային են, սակայն հնարավոր է որոշակի ձեւաչափով հանդիպում կազմակերպել ՀՀ վարչապետի հետ:

ԱԺ հերթական նիստերի օրակարգը հաստատելուց հետո խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ  քննարկել են ՀՀ Կառավարության ներկայացրած «Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ պաշպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի տեղեկացմամբ՝  առաջարկվում է պաշտպանության ոլորտում Կառավարության լիազորությունների շարքում ներառել նաեւ   հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը: Կառավարությունը նախագծի ընդունումը համարել է անհետաձգելի. փոխնախարարը հայտնել է, որ հանրապետության տնտեսության զորահավաքային պլանն արդեն մշակված է եւ համաձայնեցված ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Արեն Մկրտչյանը:

Երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար քննարկվել է  «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «ՀՀ ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Փաթեթի ընդունման նպատակն է որոշ բնապահպանական իրավախախտումների դեպքում բնապահպանական տեսուչների համար նախատեսել իրավախախտում թույլ տված սուբյեկտների գործունեության կասեցման լիազորություն, ինչպես նաեւ սահմանել այդ լիազորության իրականացման կարգը, նախատեսել  բնապահպանական պետական տեսուչի կողմից դիտարկումներ իրականացնելու լիազորություն,  էկոլոգիական թողքի հաշվին ջրօգտագործման արգելքը նախատեսել որպես ջրային ռեսուրսների պահպանության հիմնական պահանջ, ընդերքօգտագործման եւ մթնոլորտային օդի պահպանության ոլորտներում հստակեցնել Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի լիազորությունները:

 ԱԺ գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական էր:

Հաջորդիվ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու համար  քննարկվել է  ՀՀ ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի եւ Սիփան Փաշինյանի հեղինակած «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի  նախագիծը, որի ընդունումը  պայմանավորված է ադրբեջանական զինված ուժերի ուղիղ նշանառության տակ գտնվող բնակավայրերի բնակիչների սոցիալական բեռը նվազեցնելու ցանկությամբ:

ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին նախատեսվում է փոխհատուցման տրամադրում նյութական այնպիսի վնասների համար, որոնք չեն հանգեցրել օթեւանի կորստի: Փոխհատուցում է նախատեսվում գյուղատնտեսական կամ այլ մթերատու կենդանիների կորստի դեպքերում: Ամրագրվում է, որ սահմանամերձ համայքների 1-12-րդ դասարանների սովորողները դասագրքերը կստանան  մասնակի փոխհատուցմամբ կամ անվճար:

Գործող օրենքի 5-րդ եւ 6-րդ հոդվածների համաձայն` սահմանամերձ համայնքներում եւ դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի իրականացրած ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով վիրավորված անձինք հնարավորություն են ստանում միայն պետպատվերի շրջանակներում բուժվելու, իսկ զոհվածների ընտանիքները` միայն հուղարկավորության եւ գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման ու տեղադրման ծախսերը հոգալու: Պատգամավորների նախաձեռնությունը նպատակ ունի սահմանամերձ համայնքներում վերոնշյալ իրադարձությունների հետեւանքով առաջին, երկրորդ կամ երրորդ խմբի հաշվանդամություն ձեռք բերած անձանց, ինչպես նաեւ զոհված քաղաքացիների ընտանիքներին տրամադրել նաեւ միանվագ գումարային հատուցում` ելնելով այն իրողությունից, որ սահմանամերձ համանքներում ապրող յուրաքանչյուր քաղաքացի ինքն էլ զինվոր է, ով ապրում եւ արարում է սահմանամերձ համայնքում` ամեն օր վտանգելով իր կյանքը:

Առաջարկվում է նաեւ  3 տարով երկարացնել գործող օրենքի ժամկետը, ինչն այդ համայնքների բնակիչներին հնարավորություն կտա մինչեւ 2024թ հունվարի 1-ը շարունակել  փոխհատուցում ստանալ սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի եւ ոռոգման ջրի համար, ինչպես նաեւ ազատվել օրենքով նախատեսված մի շարք պարտադիր վճարներից:

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական էր:  Կառավարության դրական կարծիքը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը:

Տեղի ունեցած քվեարկությունների արդյունքում  օրենսդրական նախաձեռնություններն  ընդունվել են:

«Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն ԱԺ որոշմամբ կիրականացվի առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:

Օրվա վերջին նիստում պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:

Խորհրդարանն աշխատանքը կշարունակի հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10:00-ին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am